ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ 7-Ը

Նոյեմբերի 28-ին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցի Iգ դասարանում անցկացվեց բաց դաս <<Մաթեմատիկա>> առարկայից։ Դասը վարեց դասվար Վիկտորյա Խումարյանը․ այն կրում էր <<Զարմանահրաշ 7-ը>> խորագիրը և կապված էր 7 թվի կազմությունը հետաքրքիր, արդյունավետ ուսուցանելու հետ։ Դասը սկսվեց մի հաշվելուկով։ Յուրաքանչյուր թվի հետ աշակերտները մաթեմատիկայի դասի հետ կապված գործողություն ցույց տվող մի բառ էին ասում (ասա՛, լսի՛ր, կատարի՛ր, մտածի՛ր․․․․)։ Հնչեց <<Յոթ սրբություն>> բանաստեղծությունը։ Հանելուկի տեսքով հյուր եկավ 7 թվանշանը։ Բանավոր հաշվարկի միջոցով ուսուցչուհին ամփոփեց աշակերտների իմացածը։ Անչափ հետաքրքիր էր դասի <<Մենք արդեն գիտենք>> փուլը, որի ընթացքում աշակերտները շատ սահուն ներկայացրին 7-ը բնության, երաժշտության, աշխարհագրության, կրոնի, աստղաբանության, ժողովրդական բանահյուսության մեջ։ Երգեցին բնության անձեռակերտ հրաշքի՝ ծիածանի երգը։ Թվեցին աշխարհի հին և նոր հրաշալիքները։ Հյուր եկան նոտաները և առաջարկեցին չափածո խնդիրներ, կատակ խնդիրներ։ Այնուհետև ուսուցչուհին անցավ դասի հիմնական մասին․ նոր նյութը՝ 7-ի կազմությունը, հաղորդվեց <<Սպիտակաձյունիկը և 7 թզուկները>> հեքիաթի միջոցով, որն անչափ ուսանելի էր, նորարար։ Աշխատեցին դասագրքով՝ ամրապնդելով իմացածը։ Դասի վերջում հնչեց հատված <<Անուշ>> օպերայից։ 7 աղջիկ ներկայացրին <<Համբարձում>> տոնը։ 7 կուժերով նրանք 7 աղբյուրից ջուր բերեցին, 7 ծաղկից ծաղկեփունջ հավաքեցին և 7 բարեմաղթանք-բացիկներով մոտեցան դասը լսողներին։



          

          

       


 

ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ԴԱՍ

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ անգլերենի առաջավոր փորձի դաս 9բ դասարանում՝ ուսուցիչ Սիրարփի Հովհաննիսյան։ 
Աշակերտները սկզբում կրկնեցին ածական, մակբայ, կատարեցին վարժություն, կրկնեցին հանձնարարված բառերը՝ նկարների միջոցով, այնուհետև յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց տեղեկություն Ավստրալիայի մասին։ Մի մասը պատրաստել էր Ավստրալիայի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, որոշները մայրաքաղաքը և քաղաքները, Ավստրալիայի հայտնի մարդկանց մասին, ինչ վերաբերվում է խոհանոցին, աշակերտները կազմել էին երկխոսություն, որտեղ հայ և ավստրալացի գործարարները ցանկանում են համագործակցել միմյանց հետ և բացել ռեստորան։ Ամեն մի գործարար ներկայացրեց իր ավանդական ուտեստը։ Երկխոսությունը կատարվում էր թարգմանչի օգնությամբ։ Այն բավականին բնական էր հնչում։ Աշակերտները լավ էին պատրաստվել և ունեին գեղեցիկ խոսք։


                       


         





ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Սեպտեմբեր ամսին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան 4 հիմնական դպրոցը մասնակցեց միջազգային մանկապատանեկան մրցույթի՝ <<Կերպարվեստ>> առարկայից։ Մրցույթը կրում էր <<Ես նկարում եմ Ռուսաստանը>> խորագիրը։ Մրցույթին մասնակցել են 9բ դասարանի աշակերտուհիներ Խուդավերդյան Վիկտորյան՝ <<Ուղղափառ եկեղեցի>>, Խաչատրյան Նարեն՝ <<Դրվագ կրեմլից>> և 9գ դասարանի աշակերտուհի Թումասյան Դիանան՝ <<Երեք հսկաները>> աշխատանքներով։ 
Վերոնշյալ աշխատանքների համար աշակերտները պարգևատրվել են դիպլոմներով։
Երեխաների աշխատանքը գովեստի արժանացրին դպրոցի տնօրինությունը և մանկավարժները։
Մրցույթի կազմակերպման ներկայացուցիչներ՝ Տատյանա Ալեքսանդրի և կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Սարգսյան։











Շինարարական աշխատանքներ դպրոցում

2018 թ․ հոկտեմբերի 10-ից Վանաձորի №4 հիմնական դպրոցում մեկնարկեցին շինարարական աշխատանքները՝ ուղղված երկրորդ մասնաշենքի հին պատուհանների փոխարինմանը նոր եվրոպատուհաններով, ինչպես նաև հյուսիսային և հարավային մուտքերի արդիականացման աշխատանքներին։

Աշխատանքներն ընթացել են դպրոցի տնօրեն Հ․ Խումարյանի անմիջական վերահսկողությամբ՝ չխանգարելով ուսումնական գտործընթացի կանոնավոր կազմակերպմանը և իրականացմանը։

Շինարարական աշխատանքներն ավարտվել են նոյեմբերի 20-ին։ Ծրագիրն իրականացվել է բացառապես դպրոցի ֆինանսական միջոցների տնտեսման հաշվին։

Դպրոցի ամբողջ անձնակազմը անում է ամեն ինչ ուսումնակրթական գործընթացը առավել բարենպաստ դարձնելու համար։

Հույս ունենք, որ շատ մոտ ապագայում կունենանք նոր իրականացվող ծրագրեր ևս՝ դպրոցն առավել նորաոճ և տեխնիկապես հագեցած դարձնելու։