Սիրելի՛ լոռեցիներ, կրթական բնագավառի հարգարժա՛ն աշխատակիցներ, սիրելի՛ աշակերտներ…
Մի քանի ժամից պատմության էջերից մեկը հերթական անգամ կթերթվի, և բոլորս միասին կթևակոխենք նոր՝ 2019 թվականը: 2018 թվականը կմնա անցյալում, և մեզնից յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե 2018 թվականից ինչը հիշել ուրախությամբ և ինչը՝ գուցե թախիծով:  2018 թվականը ցնցումների տարի էր, տարի, երբ ձևավորվում և զարգանում էին գործընթացներ, որոնք դեռևս անպայման իրենց մասին հիշեցնելու են հետագայում: 2018 թվականը փորձությունների տարի էր, և այդ փորձությունների մեծամասնությունը մենք արժանապատվորեն հաղթահարեցինք:
Շնորհավորանքիս խոսքերը հղելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝  մաղթում եմ  Ձեզ առողջություն, անսահման սեր և երջանկություն:
Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, ամենասպասվածն ու ամենաբարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված մեր բոլորի հույսերն ու սպասումները, ցանկություններն ու ակնկալիքները:
Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ցանկանում եմ, որ Ամանորն իսկապես տոն լինի բոլորի համար և այդ տոնական զգացումը ուղեկցի բոլորին թե՛ տանը, թե՛ դրսում: Թող հետևում մնան բոլոր դժվարությունները և ամենօրյա հոգսերը, թող Ամանորը խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին և թող Նոր տարին նոր հաջողությունների և նոր ձեռքբերումների սկիզբ լինի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


 

Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցի շրջանավարտ Արիանա Քոսյանը, որը բնակվում է Լոնդոնում, արդեն  2-րդ անգամ դպրոցի 10 աշակերտների ապահովում է ձմեռային հագուստներով։
Արիանայի ուղարկած ֆինանսական միջոցները տնօրինել է մայրը և անձամբ կատարել է գնումները։
Շնորհակալություն ենք հայտնում Ա․ Քոսյանին նման գովելի նախաձեռնության և հոգատար վերաբերմունքի համար։




ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ 7-Ը

Նոյեմբերի 28-ին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցի Iգ դասարանում անցկացվեց բաց դաս <<Մաթեմատիկա>> առարկայից։ Դասը վարեց դասվար Վիկտորյա Խումարյանը․ այն կրում էր <<Զարմանահրաշ 7-ը>> խորագիրը և կապված էր 7 թվի կազմությունը հետաքրքիր, արդյունավետ ուսուցանելու հետ։ Դասը սկսվեց մի հաշվելուկով։ Յուրաքանչյուր թվի հետ աշակերտները մաթեմատիկայի դասի հետ կապված գործողություն ցույց տվող մի բառ էին ասում (ասա՛, լսի՛ր, կատարի՛ր, մտածի՛ր․․․․)։ Հնչեց <<Յոթ սրբություն>> բանաստեղծությունը։ Հանելուկի տեսքով հյուր եկավ 7 թվանշանը։ Բանավոր հաշվարկի միջոցով ուսուցչուհին ամփոփեց աշակերտների իմացածը։ Անչափ հետաքրքիր էր դասի <<Մենք արդեն գիտենք>> փուլը, որի ընթացքում աշակերտները շատ սահուն ներկայացրին 7-ը բնության, երաժշտության, աշխարհագրության, կրոնի, աստղաբանության, ժողովրդական բանահյուսության մեջ։ Երգեցին բնության անձեռակերտ հրաշքի՝ ծիածանի երգը։ Թվեցին աշխարհի հին և նոր հրաշալիքները։ Հյուր եկան նոտաները և առաջարկեցին չափածո խնդիրներ, կատակ խնդիրներ։ Այնուհետև ուսուցչուհին անցավ դասի հիմնական մասին․ նոր նյութը՝ 7-ի կազմությունը, հաղորդվեց <<Սպիտակաձյունիկը և 7 թզուկները>> հեքիաթի միջոցով, որն անչափ ուսանելի էր, նորարար։ Աշխատեցին դասագրքով՝ ամրապնդելով իմացածը։ Դասի վերջում հնչեց հատված <<Անուշ>> օպերայից։ 7 աղջիկ ներկայացրին <<Համբարձում>> տոնը։ 7 կուժերով նրանք 7 աղբյուրից ջուր բերեցին, 7 ծաղկից ծաղկեփունջ հավաքեցին և 7 բարեմաղթանք-բացիկներով մոտեցան դասը լսողներին։



          

          

       


 

ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ԴԱՍ

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ անգլերենի առաջավոր փորձի դաս 9բ դասարանում՝ ուսուցիչ Սիրարփի Հովհաննիսյան։ 
Աշակերտները սկզբում կրկնեցին ածական, մակբայ, կատարեցին վարժություն, կրկնեցին հանձնարարված բառերը՝ նկարների միջոցով, այնուհետև յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց տեղեկություն Ավստրալիայի մասին։ Մի մասը պատրաստել էր Ավստրալիայի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը, որոշները մայրաքաղաքը և քաղաքները, Ավստրալիայի հայտնի մարդկանց մասին, ինչ վերաբերվում է խոհանոցին, աշակերտները կազմել էին երկխոսություն, որտեղ հայ և ավստրալացի գործարարները ցանկանում են համագործակցել միմյանց հետ և բացել ռեստորան։ Ամեն մի գործարար ներկայացրեց իր ավանդական ուտեստը։ Երկխոսությունը կատարվում էր թարգմանչի օգնությամբ։ Այն բավականին բնական էր հնչում։ Աշակերտները լավ էին պատրաստվել և ունեին գեղեցիկ խոսք։


                       


         





ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Սեպտեմբեր ամսին Վանաձորի Ա․Ս․ Պուշկինի անվան 4 հիմնական դպրոցը մասնակցեց միջազգային մանկապատանեկան մրցույթի՝ <<Կերպարվեստ>> առարկայից։ Մրցույթը կրում էր <<Ես նկարում եմ Ռուսաստանը>> խորագիրը։ Մրցույթին մասնակցել են 9բ դասարանի աշակերտուհիներ Խուդավերդյան Վիկտորյան՝ <<Ուղղափառ եկեղեցի>>, Խաչատրյան Նարեն՝ <<Դրվագ կրեմլից>> և 9գ դասարանի աշակերտուհի Թումասյան Դիանան՝ <<Երեք հսկաները>> աշխատանքներով։ 
Վերոնշյալ աշխատանքների համար աշակերտները պարգևատրվել են դիպլոմներով։
Երեխաների աշխատանքը գովեստի արժանացրին դպրոցի տնօրինությունը և մանկավարժները։
Մրցույթի կազմակերպման ներկայացուցիչներ՝ Տատյանա Ալեքսանդրի և կերպարվեստի ուսուցչուհի Լուսինե Սարգսյան։











Շինարարական աշխատանքներ դպրոցում

2018 թ․ հոկտեմբերի 10-ից Վանաձորի №4 հիմնական դպրոցում մեկնարկեցին շինարարական աշխատանքները՝ ուղղված երկրորդ մասնաշենքի հին պատուհանների փոխարինմանը նոր եվրոպատուհաններով, ինչպես նաև հյուսիսային և հարավային մուտքերի արդիականացման աշխատանքներին։

Աշխատանքներն ընթացել են դպրոցի տնօրեն Հ․ Խումարյանի անմիջական վերահսկողությամբ՝ չխանգարելով ուսումնական գտործընթացի կանոնավոր կազմակերպմանը և իրականացմանը։

Շինարարական աշխատանքներն ավարտվել են նոյեմբերի 20-ին։ Ծրագիրն իրականացվել է բացառապես դպրոցի ֆինանսական միջոցների տնտեսման հաշվին։

Դպրոցի ամբողջ անձնակազմը անում է ամեն ինչ ուսումնակրթական գործընթացը առավել բարենպաստ դարձնելու համար։

Հույս ունենք, որ շատ մոտ ապագայում կունենանք նոր իրականացվող ծրագրեր ևս՝ դպրոցն առավել նորաոճ և տեխնիկապես հագեցած դարձնելու։ 









 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շնորհավո'ր տոնդ, սիրելի' ուսուցիչ


Սիրելի՛ ուսուցիչներ, խորին ակնածանքով ու հարգանքով գնահատանքի և բարեմաղթանքի խոսքս եմ ուղղում ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Դուք առաքյալներ եք, որ նվիրական և անբասիր կերպարով կատարում եք սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու և ազգանվեր գործը:
Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային և ազգային այն բարձր արժեքների և որակների համար, որ ձևավորում եք նրա մեջ՝ ապահովելով երկրի հիմքի ամրությունը: 
Վանաձորի № 4 հիմնական դպրոցի 
տնօրեն՝ Համլետ Խումարյան



Ախ-ընտրություններ
2018թ. հոկտեմբերի 4-ին Վանաձորի Ա.Ս. Պուշկինի անվան №4 հիմնական դպրոցում անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:
Առաջադրվել էր 3 թեկնածու՝ Խաչատրյան Վիկտորիա (9գ), Խաչիկյան Արամ (9բ), Խաչատրյան Սուսաննա (9ա):
Ընտրությունների ընթացքին հետևում էր դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը:
Ձայների մեծամասնությամբ ԱԽ նախագահ ընտրվեց Սուսաննա Խաչատրյանը: Ընտրությունների ամփոփումից հետո հանձնաժողովի նախագահ Արթուր Ղազարյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին ընտրություններն արդար, առանց խախտումների կազմակերպելու և անցկացնելու համար:
Շնորհավորում ենք աշակերտական խորհրդի նորընտիր նախագահին, մաղթում նորանոր հաղթանակներ և հաջողություններ իր շատ պատասխանատու գործում:







       




                     





Շնորհավոր անկախության օր





ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ      ՀԱՅԱՍՏԱՆ   
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ։
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում. 1991թ.  այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Արդեն 27 տարի հայ ժողովուրդն առաջ է ընթանում` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և կերտելով հաղթանակներ:
Մեր երկրի ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով, ուստի մաղթում եմ, որ համախմբված միասնակամությամբ կարողանանք կերտել մեր երազների երկիրը:
Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանությունխաղաղ աշխատանք և   կայուն զարգացում:
Ես վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու բարօրություն։
 Վանաձորի  հիմնական դպրոցի
տնօրեն՝ Համլետ Խումարյան


ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՎԱՆԱՁՈՐԻ N4 ԴՊՐՈՑՈՒՄ



ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
2018 Թ.


Աշակերտների մեջ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և բարեխիղճ վերաբերմունքի սերմանման շարունակական գործի լավագույն դրսևորումներից էր 08.09.2018թ. կազմակերպված համապետական շաբաթօրյակը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 7-9-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկների հետ միասին՝ ապահովելով դպրոցի բակի և շրջակայքի մաքրությունը:                   
Այն ևս մեկ քայլ էր՝ ուղղված երեխաների էկոլոգիական և գեղագիտական դաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև նրանց անձի համակողմանի և ներդաշնակ զարգացման գործին: