ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 2017
2017 թ. մայիսի 26-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան  4 հիմնական դպրոցում անցկացվեց «Վերջին զանգ» ավանդական ցերեկույթը:
               
«Հարգելի´ հյուրեր, գործընկերներ, ծնողներ, սիրելի´ աշակերտներ.
Արդեն բարի ավանդույթ է դարձել Վերջին զանգի ցերեկույթին այս ամբիոնից ձեզ բարեմաղթանքներ հղելը և ընթացիկ ուսումնական տարում կատարված աշխատանքներն ամփոփելը:
Ինչպես ամեն տարի, դպրոցի անձնակազմը պատվով և բարեխղճորեն կատարել է տարեսկզբին պլանավորած բոլոր ուսումնադաստիարակչական աշխատանքները:
Թեև և աշակերտական կազմը, և մանկավարժական անձնակազմը խիստ բազմանդամ են, այնուամենայնիվ, դպրոցը ոչ միայն չի թերանում առօրյա, այնքան հագեցած և արագ տեմպում ընթացող պարտականությունները իրագործելում, այլև աշխատում է արագ և որակյալ արձագանք տալ բոլոր նորարարական նախաձեռնություններին, որոնք մեզ առաջադրում է անմիջական մեր նախարարությունը և ընդհանրապես, 21-րդ՝ տեխնիկապես գերզարգացած դարը:
Այո, ամբողջ տարվա ընթացքում փայլուն միջոցառումների շարք է ցուցադրվել՝ առարկայական շաբաթներից, հոբելյանական ցերեկույթներից, համաքաղաքային փառատոններից մինչև տարրական դասարանների ցերեկույթներ, սպորտլանդիա և այլն: Ավելին, հպարտությամբ ուզում եմ հատուկ շնորհավորել և պարգևատրել պատվոգրերով մեր երկու շնորհալի ասմունքողներին, որոնք դարձան հանրապետական փառատոնի հաղթողներ և դափնեկիրներ՝ մի անգամ ևս հաղթական բեմից հնչեցնելով դպրոցի և քաղաքի անունը:
            Մերի Միքայելյան  -  IXբ  դասարան
            Արամ Խաչիկյան    - VIIբ  դասարան
    Դպրոցը ժամանակի պահանջներին համաքայլ է ընթանում. ունենք նորոգված մարզադահլիճ՝ բոլոր հարմարություններով, ունենք նորոգված, նորովի կահավորված SMART համակարգչային սենյակ: Հաջողությամբ միացել ենք դասերի վարման նոր նախաձեռնությանը՝ հեռավար դասերին: Լոռու մարզի տարբեր համայնքների համար հաջողությամբ դասեր են վարել տարբեր առարկաների մեր ուսուցիչները: Բացի այդ, արտագնա դասեր ենք վարել Գյուլագարակ համայնքում: Նվաճումներ ունենք նաև եվրոպական կրթական ծրագրերին մասնակցության ասպարեզում, մասնավորապես, մասնակցելով Եվրոպական  դպրոցների փոխհամագործակցության Իթվինինգ ծրագրին, դպրոցն արժանացել է 2-րդ մրցանակի և հավաստագրի՝ Իթվինինգ ծրագրում հաջող և արժեքավոր  համագործակցության համար: Այդ առիթով շնորհակալագրերի են արժանանում Հասմիկ Բաղդասարյանը, Լուսինե Քառյանը, Վեհանուշ Մարտիրոսյանը, Լուիզա Գրիգորյանը, Լիանա Կարապետյանը:
Ամփոփելով խոսքս՝ մի անգամ ևս ուզում եմ հավաստիացնել, որ դպրոցի ողջ անձնակազմն է մտահոգված, որ մեր երեխաները համակողմանի կրթություն ստանան և դուրս գան այստեղից՝ կիրթ ու խոհեմ պատանիներ դարձած:
Սիրելի շրջանավարտներ, հոգու նուրբ, բայց անտես թելերով կապված ենք միմյանց հետ թերևս ինքնաբերաբար դառնում ենք հարազատներ: Բոլորս մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ: Համոզված եմ, հաղթահարելու եք բոլոր դժվարությունները, ավագ դպրոցում էլ բարձր եք պահելու մեր դպրոցի հեղինակությունը: Աշխատեք լավ մարդ լինել, աշխատեք կրթված, նպատակասլաց, մարդասեր ու հայրենասեր լինել. դա պատվաբեր է բոլորիս համար:
Բարի ճանապարհ»:

Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի տնօրեն՝
Համլետ Խումարյան